Մատթեոս 5:14
Դուք աշխարհի լույսն եք։ Բարձունքի վրա կառուցված քաղաքը չի կարող թաքնված մնալ։

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին

պատմական արեւելեան ուղղափառ եկեղեցիներից մեկն է, որի հիմնադիրներն են Ս. Թադէոս եւ Ս. Բարդուղիմէոս առաքեալները, որոնք Հայաստանի մեջ նահատակուել են Ա դարում: 301 թուականին, շնորհիւ Ս. Գրիգոր Լուսաւորչի ջանքերի, քրիստոնէութիւնը Տրդատ Գ թագաւորի կողմից հռչակուեց որպէս պետական կրօն:

Հայոց հաւատքի հիմքն են Հին եւ Նոր Կտակարանները, Սուրբ Առաքեալների դաւանանքը, ինչպէս նաեւ առաջին երեք Տիեզերական Ժողովների՝ Նիկիոյ (325), Կոստանդնուպոլսոյ (381) եւ Եփեսոսի (431) որոշումներ

ԴՀԱԵՀ – ի  հիմնական նպատակներն են.

  1. Պահպանութիւնը աւանդութեան գիտակից եւ քրիստոնէական բարոյական սկզբունքներով առաջնորդուող համայնքի, իր անդամների դաստիարակութիւնը ըստ Հայ Առաքելական Դաւանանքի, ինչպէս նաեւ նրանց մօտ միասնութեան զգացումի զարգացումը:
  2. Իրեն կապուած Հայ Համայնքների կրօնական, մշակութային եւ ընկերային կեանքի կազմակերպումն ու նրանց միջեւ ներդաշնակ եւ համագործակից փոխյարաբերութիւնների հաստատումը։
  3. Այս նպատակի իրագործմանն են ծառայում մասնաւորապէս անդամների կրօնական հոգատարութիւնը՝ կանոնաւոր ժամերգութիւններով, պատարագներով, ծիսական այլ արարողութիւններով ու հոգեխնամութեամբ:
  4. Իրեն կապուած Հայ Համայնքերի գործունէութիւնը բարեյաջող եւ արդիւնաւէտ ծաւալելու համար նիւթական անհրաժեշտ միջոցների հայթայթումը եւ պայմանների ստեղծումը, ինչպէս` եկեղեցու շէնք, համայնքային կենտրոնատեղի, մշակութային կենտրոն, գրադարան, դպրոց եւլն. եւ օժանդակել այդ կալուածքների եւ սեփականութեան բարւօք պահպանմանը։
  5. Առանձին համայնքների եկեղեցական եւ մշակութային կեանքի օժանդակութիւնը:
  6. Նպաստել երիտասարդ սերնդի քրիստոնէական դաստիարակութեան, օժանդակել նրանց ինքնութեան կազմաւորման ու պահպանման եւ միաժամանակ նրանց համակողմանի համարկութեան (integration)։
  7. Զբաղուել ծերերի, հիւանդների եւ կարօտեալների ընկերային խնամատարութեամբ։
  8. Յարաբերութիւններ մշակել եւ սերտօրէն համագործակցել՝ Դանիայի մէջ հաստատուած եւ արձանագրուած հայկական կազմակերպութիւնների հետ։
  9. Նպաստել միջեկեղեցական փոխյարաբերութիւններին, զարգացնել էկումենիկ գործունէութիւնը եւ միջկրօնական երկխոսութիւնը:
  10. Համագործակցել Դանիայի մէջ գործող նմանօրինակ հանրօգուտ կազմակերպութիւնների, միութիւնների եւ պետական կառոյցների հետ: