Կորնթացիներ 3:11
Այս հիմքն է այն՝ որ ոչ մեկը չի կարող դնել այլ հիմք, քան այն, որը դրված է, որն է Հիսուս Քրիստոսը:

ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ

Հավատո հանգանակը կրոնական հավատի բանաձև է` հավատի խոստովանություն:
Հավատո հանգանակը քրիստոնեական հավատի, նրա ողջ դավանության հակիրճ շարադրանքն է, որի հիմնական բովանդակությունը հաստատվել է Նիկիայի առաջին տիեզերական ժողովում (325 թ.), այնուհետև վերահաստատվել և լրացվել է Կոստանդնուպոլսի երկրորդ տիեզերական ժողովում (381թ.):

Հավատո հանգանակը պաշտոնապես ընդունում և խոստովանում են բոլոր առաքելական Եկեղեցիները։
Անսխալ ձևակերպված և սրբագործված դավանական ճշմարտությունների շնորհիվ այն դարեր շարունակ քրիստոնեությունը զերծ է պահում հոգևոր ճանաչողության մեջ էական անհամաձայնություններից՝ փարատելով շփոթություններն ու տարակարծությունները: Ուստի այն բոլոր քրիստոնեական Եկեղեցիների միության հիմքն է:
Միասնաբար խոստովանելով Հավատո հանգանակը՝ քրիստոնյաներն արտահայտում են Եկեղեցու անդամների միությունը, վերահաստատում նրա ուղղափառ վարդապետության իսկությունը:

Նիկիական հանգանակը Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դավանանքի ամփոփումն է: Նիկիայի Ա տիեզերական ժողովը գումարվել է 325թ-ին Բյուզանդական կայսր Մեծն Կոստանդիանոսի (306-337թթ.) հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին: Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու 318 նշանավոր հայրապետներ, այդ թվում` Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը:  Ժողովի ժամանակ ընդունվել է Նիկիեական հայտնի հանգանակը:Այն ասվում է հոտնկայս՝ դեմքով դեպի խորանը դարձած: Ասերգելիս, իբրև միասնության խորհրդանիշ, միացրած և ուղիղ պահած մատներով ափերը սեղմում են իրար:

Ձեռքերի դիրքը Հավատո հանգանակն ասելիս 

Գրիգոր Տաթևացի «Հավատամք»
Խոստովանում և կատարյալ սրտով հավատում ենք, որ Հայր Աստված անստեղծ է, անծին և անսկիզբ, այլև ծնողը Որդու և բխողը Սուրբ Հոգու:
Հավատում ենք, որ Բանն (Խոսքն) Աստված անստեղծ է, Հորից նախքան հավիտյանները ծնված և սկսված, Նրանից ո՛չ առաջ և ո՛չ հետո, այլ որքանով Հայրը հայր է, այնպես էլ Որդին՝ որդի:

Հավատում ենք, որ Սուրբ Հոգի Աստվածն անստեղծ է, անժամանակ, ծնված չէ, այլ բխում է Հորից, էակից է Հորը և փառակից՝ Որդուն: Հավատում ենք, որ Սուրբ Երրորդությունը մի բնություն է, մի աստվածություն. ոչ թե երեք աստվածներ, այլ մի՛ Աստված, մի՛ կամք, մի՛ թագավորություն, մի՛ իշխանություն, արարիչ տեսանելիների և անտեսանելիների: Հավատում ենք սուրբ Եկեղեցուն և մեղքերի թողությանը՝ սրբությունների հաղորդությամբ:
Հավատում ենք, որ Երեք Անձերից Մեկը՝ Հորից նախքան հավիտյանները ծնված Բանն Աստված, ժամանակի մեջ իջավ Աստվածածին Կույս Մարիամի մեջ և նրա արյունից վերցնելով՝ միավորեց Իր աստվածության հետ: Ինն ամիս մնալով անարատ Կույսի արգանդում՝ կատարյալ Աստվածը եղավ կատարյալ մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, մի անձ, մի դեմք և միավորված մի բնություն: Աստված մարդացավ առանց փոփոխության ու այլայլության. անսերմ հղություն, և անապական ծնունդ: Ինչպես սկիզբ չունի Նրա աստվածությունը, այդպես էլ անվախճան է Նրա մարդկությունը «Քանզի Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13։8):

Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս շրջել է երկրի վրա: Երեսուն տարեկան դառնալով՝ եկել է մկրտվելու, Հայրը վկայել է. «Դա՛ է Իմ սիրելի Որդին», իսկ Սուրբ Հոգին աղավնակերպ իջել է Նրա վրա: Փորձվել է սատանայից և հաղթել նրան: Փրկություն է քարոզել մարդկանց: Մարմնով աշխատել է, հոգնել, քաղցել և ծարավել: Ապա կամովին եկել է չարչարվելու, խաչվել է և մարմնով մեռնելով հանդերձ՝ աստվածությամբ մնացել կենդանի: Մարմինը՝ աստվածության հետ միավորված, դրվել է գերեզմանի մեջ, իսկ հոգով ու աստվածությունից անբաժան`իջել է դժոխք, հոգիներին քարոզել, դժոխքն ավերել և հոգիներն ազատագրել: Երեք օր հետո մեռելներից հարություն է առել և աշակերտներին հայտնվել:

Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս այդ նույն մարմնով Համբարձվել է երկինք և նստել Հոր աջ կողմում: Բայց և գալու է այդ նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռյալներին, ինչը նաև բոլոր մարդկանց հարությունն է:
Հավատում ենք նաև գործերի հատուցմանը. արդարներին կյանք հավիտենական, և մեղավորներին՝ տանջանք հավիտենական: