Ը օր Մեծի Պահոց
Ը օր Մեծի Պահոց
Առակներ
1 Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Դաւթի որդու՝ Սողոմոնի առակները 2Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, 3ընկալել խօսքի բարդ դարձուածքները,հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝ 4պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, 5որպէսզի, դրանք լսելով, իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ, 6թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ,իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ։
7Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է,որ բարի հանճար է բոլոր նրանց համար,ովքեր առաջնորդւում են նրանով, իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է,բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստութիւնն ու խրատը։ 8Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատըեւ մի՛ մերժիր մօրդ պատուիրանը, 9որպէսզի շնորհի պսակ կրես քո գլխինեւ ոսկի մանեակ՝ քո պարանոցին։ 10Որդեա՛կ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ, 11եւ հաւանութիւն չտաս, եթէ քեզ կանչեն ու ասեն. «Արի՛ մեզ հետ, մասնակի՛ց եղիր արիւնահեղութեան,անմեղ տեղը սպանենքեւ հողի տակ ծածկենք արդար մարդուն, 12գերեզմանի պէս նրան ողջ-ողջ կուլ տանք եւ նրա յիշատակը վերացնենք երկրից, 13յափշտակենք նրա տեսակ-տեսակ ունեցուածքըեւ մեր տները լցնենք աւարով։ 14Ե՛կ մեզ բաժնեկի՛ց դարձիր,բոլորս մի ընդհանուր քսակ կ՚ունենանք,եւ միեւնոյն տեղը կը լինի մեր գանձարանը»։
15Որդեա՛կ, ճանապարհ մի՛ գնա նրանց հետ, ոտքդ շեղի՛ր նրանց շաւիղներից, 16քանզի նրանց ոտքերը դէպի չարիք են ընթանում,եւ նրանք շտապում են արիւն հեղելու։ 17Արդարեւ, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար։ 18Նրանք, որ սպանութեան մասնակից են դառնում,չարիք են գանձում իրենց անձի համար. չար է լինելու անիրաւ մարդկանց կործանումը։ 19Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրաւութիւն են գործում, որովհետեւ ամբարտաւանութեամբ նրանք սպանում են իրենց հոգին։ 20Իմաստութիւնը գովաբանւում է ճանապարհների վրայ, բարձր ձայնով հռչակւում հրապարակներում, 21քարոզւում պարիսպների գլխից, ազդարարւում հզօրների դռների առջեւ եւ համարձակ խօսւում քաղաքների դարպասների մօտ։
22Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կը լինեն արդարութեան, չեն ամաչելու։ Բայց ամբարիշտները, որ թշնամութիւն են ցանկանում եւ ամբարշտանալով ատում են իմաստութիւնը, պիտի դատապարտուեն յանդիմանութեան։ 23Ահաւասիկ ես ձեր առջեւ կը բացեմ իմ հոգու պատգամները եւ իմ խօսքերը կը սովորեցնեմ ձեզ. 24որովհետեւ ես կանչում էի, բայց դուք չէիք լսում, երկար թախանձում էի, բայց դուք չէիք ունկնդրում ինձ, 25այլեւ զանց էիք առնում իմ խորհուրդները եւ չէիք ուզում անսալ իմ յանդիմանութիւններին։
26Ես այսուհետեւ պիտի ծիծաղեմ ձեր կորստեան վրայ եւ խնդամ, երբ ձեր նեղութիւնն ու տագնապը պաշարեն ձեզ։ 27Եւ երբ յանկարծակի խռովութիւն հասնի ձեզ վրայ, եւ, ինչպէս մրրիկ, կործանում գայ, կամ երբ ձեր վախճանը հասնի, 28գուցէ դուք կանչէք ինձ, բայց ես ձեզ չեմ լսելու. չարերը պիտի փնտռեն ինձ, բայց չեն գտնելու, 29քանզի ատեցին իմաստութիւնը եւ Տիրոջ երկիւղը չընտրեցին, 30չկամեցան անսալ իմ խորհուրդներին, արհամարհեցին իմ յանդիմանութիւնները։ 31Այսուհետեւ նրանք կ՚ուտեն իրենց ճանապարհների պտուղները եւ կը յագենան իրենց ամբարշտութեամբ։ 32Քանի որ զրկում էին երեխաներին, պիտի կոտորուեն, եւ կշտամբանքը պիտի սպանի ամբարիշտներին։
33Իսկ նա, ով ինձ լսի, կ՚ապրի ապահով եւ երկիւղ չի ունենայ ոչ մի չարիքից։