Բացատրություն «Հրաժարիմքի» խոսքերի
«Հրաժարիմք»
«Հրաժարվում ենք սատանայից և նրա ամբողջ խաբեությունից»
Հավատացյալները, քահանայի գլխավորությամբ, «Հրաժարիմքն» արտասանում են երեք անգամ՝ դեպի արևմուտք շրջված և ձեռքերն իջեցրած՝ ի կոր։ Երեք անգամ «Հրաժարիմքն» ասելուց հետո դարձյալ շրջվում են դեպի արևելք։
«Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա,
ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա և յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք»։
Արևելահայերեն.
«Հրաժարվում ենք սատանայից և նրա ամբողջ խաբեությունից,
նրա պատրանքներից, խորհուրդներից, ընթացքից, նրա չար կամ-
քից, չար հրեշտակներից, չար սպասավորներից, չար կամարարնե-
րից և նրա ամբողջ չար զորությունից հրաժարվելով հրաժարվում
ենք» ։
Ինչո՞ւ ենք շրջվում դեպի արևմուտք։
Քրիստոնյաներս հավատում ենք, որ մեր Տերն Իր երկրորդ գալստյանը հայտնվելու է արևելքից, ուստի և Նրա գալստյան մշտարթուն սպասումով՝ աղոթելիս հայացքներս ուղղում ենք դեպի արևելք։ Այս խորհրդով է, որ
եկեղեցու խորանը, ուր զետեղված է ս. Սեղանը, գտնվում է եկեղեցու արևելյան կողմում, և հավատացյալները եկեղեցում աղոթելիս կանգնում են դեմքով
դեպի խորանը։ Այսպես իր միտքն ու սիրտը դեպի արևելք ուղղած
հավատացյալին «թիկունքից» հարվածում է սատանան՝ ջանալով
խափանել նրա աստվածահաճո ընթացքը։ Սատանայից և նրա ողջ
զորությունից հրաժարվելիս դեպի արևմուտք շրջվելով՝
խորհրդանշաբար հակահարված ենք հասցնում՝ «ո՛չ» ենք ասում,
մեզ թիկունքից հարվածողին և ապա դարձյալ շրջվում դեպի
արևելք։ Ամեն անգամ «Հրաժարիմքն» ասելով՝ մենք դարձյալ ու
դարձյալ հրաժարվում ենք սատանայի իշխանությունից և հավաստում Տիրոջ հանդեպ մեր հավատարմությունը։
Ս. Հովհաննես առաքյալը սատանայի հոգին «խաբեության հոգի» է կոչում՝ ի հակադրություն Աստծո Հոգու, Ով «ճշմարտության Հոգի» է։
Սատանան մարդուն խաբելով`նրա միտքը պատրելով է նրան դրդում մեղանչելու, ինչպես վարվեց և Եվայի հետ։ Նրան հատուկ է չարն իբրև բարի ցույց տալ, բարին՝ իբրև չար, կարող է նաև «լուսո հրեշտակի կերպարանք» առնել,
Սատանան իր հրեշտակների միջոցով մարդու մտքի կամ սրտի մեջ իր խորհուրդներն ու դրանց միջոցով իր կամքը՝ ցանկություններն է «գցում» և
երբ մարդ հավանում ու հնազանդվում է դրանց, թույլ է տալիս, որ սատանան իր վրա իշխանություն ձեռք բերի, քանզի «ծառա եք նրան, ում հնազանդվում եք»,- ասում է Պողոս առաքյալը (Հռոմ. Զ 16)։
Սատանայի կամքի համաձայն էլ մարդը նրա չար գործերն է կատարում, նրա ընթացքը բռնում, նրա ճանապարհներով ընթանում՝ խաղալիք դառնալով նրա չար հրեշտակների ձեռքին։ Մարդու սրտի մեջ սատանայի գցած խորհուրդներից ծնված ցանկությունները խաբում են մարդուն և մեղք ծնում, մեղքն էլ իր
հերթին է մարդուն խաբում՝ նրա միտքը թմրեցնելով ու սիրտը կարծրացնելով։
Վերոգրյալից կարող է թյուր տպավորություն ստեղծվել, թե եթե մեր չար խորհուրդները, ցանկություններն ու մեղքերը սատանայի խաբեության արդյունք են, ապա մարդն ազատվում է դրանց պատասխանատվությունից։ Ուրեմն էլ ինչի՞ն է պետք ապաշխարությունը, կամ ինչո՞ւ պիտի կանգնենք դատաստանի
առաջ։
Այս հարցի պատասխանը տանք մեր Եկեղեցու հայրերի խոսքերով. Ներսես Լամբրոնացին (12-րդ դ.) ասում է. «Սատանան ու նրա դևերը չեն բռնանում մարդկանց վրա, եթե մեկը կամովին չի ցանկանում չարը», «առանց մեր կամքի սատանան չի կարող մեզ գցել խորհուրդների մեջ», քանզի մարդու «մշտաշարժ հոգին անձնիշխան է. ինչ կամենում է, այն էլ խորհում է»։ Ս.Գրիգոր Տաթևացին ձևակերպում է. «Մարդու գործած բոլոր մեղքերն արդյունք են չարի խաբեության և մարդու թույլ ու հեշտասեր կամքի»։ Ուրեմն, սատանայի խաբեությամբ է մարդը մեղանչում, բայց ո՛չ առանց իր կամակցության ու հավանության. մարդը մեղանչում է ոչ թե հարկադրանքի տակ, այլ կամովին։
Ինչպես որ փրկության էլ հասնում է ո՛չ թե միայն Աստծո շնորհով կամ ո՛չ
թե միայն իր մարդկային կամավոր ջանքերով (Հիսուսի խոսքն է՝
«Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող». Հովհ. ԺԵ 6),
այլ այս երկուսի համագործակցությամբ։ Քանզի Աստված էլ, որ մարդուն Իր
պես անձնիշխան է ստեղծել, նրա կամքի վրա չի բռնանում։ Այսպես ուրեմն, սատանայի միջոցով մեղանչում ենք ու նրա հետ դատապարտվում, Աստծո միջոցով մեղքից սրբվում ու Նրա հետ հավիտյանս թագավորում։
Իսկ ինչպե՞ս փրկվել սատանայի խաբեությունից. հայացքներս
միմիայն «արևելք»՝ դեպի մեր ամենազոր Տեր Աստվածն ուղղելով։
Սատանայի՝ մեզ հրամցվող խորհուրդներն ու ցանկությունները
մերժելու զորավոր զենքեր են Աստծո հանդեպ մեր անսասան
հավատքն ու վստահությունը և Աստվածաշնչի, ինչպես նաև
Եկեղեցու սրբակյաց հայրերի միջոցով մեզ մատուցվող Աստծո խոսքը։ Անապատում սատանայից փորձության ենթարկվելիս հենց
այս զենքերն էր գործածում մեր Տերը՝ մեզ օրինակ տալով:
Սատանայի և նրա դեմ մարդու վարած այս պատերազմի մասին
լսելուց հետո շատերի մեջ կարող է մի տրամաբանական հարց ծագել.
իսկ ո՞րն է պատճառը, որ Աստված, ամենակարող լինելով, միանգամից չի վերացնում սատանային ու թողնում է, որ մարդիկ
շարունակ փորձվեն նրանից։ Չէ՞ որ Աստված կարող էր դեռևս
առաջին մարդկանց՝ սատանայի սադրանքին ենթարկվելուց հետո՛
պատժել չար «օձին» ու վերացնել, բայց ինչո՞ւ չարեց, ո՞րն է
իմաստն այս ամբողջ տառապանքի ու պայքարի։
Պատասխանը տալիս դարձյալ դիմենք մեր Եկեղեցու հայրերին։
Ահա թե ինչ է այս մասին ասում ս. Գրիգոր Տաթևացին. «Եթե այն
ժամանակ գեհենի կրակով պատժեր նրան, ահա մարդկանց շատ
բարի գործեր կորչելու էին. նաև այն պետք է գիտենալ, որ փորձելու միջոցով սատանան շատերի պսակների առիթը դարձավ»,այսինքն՝ շատերի փրկության ու մի այնպիսի երանելի անպատում կյանքի, որը որևէ մեկն այս կյանքում երևակայել իսկ չի կարող: Մարդուն հենց այսպիսի մի կյանք շնորհելու
համար Աստված ստեղծեց այս երկիրն ու մարդուն. Աստծո մեծ
սերն ու բարությո՛ւնն էին պատճառը սրանց արարման.
ՄԵՂԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ
աղբյուրը` — https://www.facebook.com/ogtakar/posts/639266322858806