Հայ Առաքելական Եկեղեցին (նաև՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Հայաստանյայց եկեղեցի, Հայ եկեղեցի, Հայոց եկեղեցի), աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է, որ պատկանում է Արևելյան ուղղափառ ոչ քաղկեդոնական եկեղեցիների խմբին։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի բարձրագույն հոգևոր պետը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է։ Կաթողիկոսական նստավայրը Սուրբ Էջմիածինն է։ Հայ Եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսությունը, որ հայտնի է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, գլուխն ու ղեկավարն է ընդհանուր նվիրապետության։ Մյուս երեք աթոռների նկատմամբ այն նախամեծար է ու նախաթոռ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատվում է որպես հաջորդն ու ժառանգորդը Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Լուսավորչի: Բացի նվիրապետական այս չորս աթոռներից աշխարհի մի շարք երկրներում գործում են եկեղեցական կառույցներ, որոնք կոչվում են թեմեր և ունեն իրենց թեմակալ առաջնորդները։
Հայ Եկեղեցին կոչվում է Առաքելական, քանի որ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները եղել են Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ովքեր անվանվում են Հայաստանի առաջին լուսավորիչներ։
Ըստ հայկական աղբյուրների Թադեոս առաքյալը Հայաստանում քրիստոնեություն է քարոզել Սանատրուկ թագավորի իշխանության օրոք՝ դարձի բերելով բազմաթիվ հայերի (Ոսկյանք և Սուքիասյանք) և անգամ Սանդուխտ արքայադստերը։ Սանատրուկի հրամանով քրիստոնյաների դեմ սկսված հալածանքների արդյունքում շուրջ 66 թ. Արտազ գավառում նահատակվում են Սանդուխտ կույսն ու Թադեոս առաքյալը:
Բարդուղիմեոս առաքյալը Հայաստան է եկել Սանատրուկի թագավորության 29-րդ տարում և ըստ ավանդության Արտաշատում հանդիպում է ունեցել Թադեոս առաքյալի հետ։ Քարոզելով նախ Գողթնում, ապա Հայաստանի կենտրոնական շրջաններում՝ Բարդուղիմեոսը Անձևացյաց գավառում հիմնել է Հոգեաց վանքը, ուր զետեղել է Երուսաղեմից իր հետ բերած Աստվածամոր պատկերը։ Բարդուղիմեոսի քարոզչությունը ևս ժողովրդի տարբեր խավերին զուգահեռ հասել է նաև արքունիք՝ Քրիստոսի հետևորդ դարձնելով արքայի քրոջը՝ Ոգուհուն և Տերենտիոս հազարապետին, որոնք ևս նահատակվել են Սանատրուկի հրահանգով։ 68 թ. թագավորի հրամանով սպանվում է նաև Բարդուղիմեոս առաքյալը:
Առաքելական ժամանակներից մինչև 3-րդ դարի վերջը քրիստոնեությունը աստիճանաբար տարածվել է Հայաստանի մեջ։ Դրա համար մեծ նպաստող ուժեր էին ոչ միայն Քրիստոսի առաքյալների քարոզչությունը, այլև ստեղծված օգտակար մի շարք գործոնները։ Առաջին դարում քրիստոնեությունը լայնորեն տարածված էր Հայաստանի հարևան Կապադովկիայում (սրա մաս էր կազմում Փոքր Հայքը), Օսրոենեում և Ադիաբենեում, որոնց հետ առկա առևտրային և մշակութային կապը հարմար պայմաններ էին ստեղծում քրիստոնեության ներթափանցման համար։ 197 թ. Տերտուղիանոսը «Ընդդեմ Հրեաների» գրքում քրիստոնեությունը ընդունած ազգությունների շարքում նշում է նաև հայերին։ Այս տեղեկությունը հաստատում է նաև Օգոստինոս Երանելին «Ընդդեմ մանիքեականների» աշխատության մեջ։
Քրիստոնեության արագ տարածումը փաստող վկայություններ են նաև Վաղարշ Բ (186-196 թթ), Խոսրով Ա (196-216 թթ) և հաջորդ արքաների հալածնքները ընդդեմ քրիստոնյաների։ Սրանց մասին նկարագրություններ են առկա Կապադովկիայի Փիրմիլիանոս եպիսկոպոսի (230-268 թթ) «Եկեղեցու հալածանքների պատմությունը» գրքում։ Եկեղեցական պատմության հայր Եվսեբիոս Կեսարացին հիշատակում է նաև ապաշխարողական մի նամակ՝ «ուղղված Հայաստանի քրիստոնյաներին, որոնց եպիսկոպոսն է Մերուժանը»: Այս նամակի հեղինակը ըստ Եվսեբիոսի 3-րդ դարի Ալեքսանդրիայի եպիսկոպոս Դիոնիսիոսն էր[5]: Համաձայն պատմական մի քանի տեղեկությունների՝ առաքելական քարոզչությունից հետո հայաստանում հիմնվում են եպիսկոպոսական մի քանի աթոռներ (Գողթն, Արտազ կամ Աշտիշատ), որոնց եպիսկոպոս առաջնորդներն են եղել՝